12/08/2021 17:37
Փաշինյանը գուցե նախ Ադրբեջանին դուրս հանի Հայաստանի սուվերեն տարածքից և նոր միայն ինչ-որ բանակցություններ ձեռնարկի. քաղաքագետ
ՀՀ գործող իշխանությունները ժամանակին ամենից շատն էին խոսում Հայաստանի ինքնիշխանության հզորացման մասին, սակայն նրանց գործողությունների հետևանքով այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Ադրբեջանից բանակցություններ ենք աղերսում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ այսօր հնչեցրած հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակներում։
«Հայաստանը մի իրավիճակում է, երբ նրա սահմանների մեծ մասը վերահսկելու է Ռուսաստանը։ Ճիշտ է, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, լավագույն բարեկամը, բայց փաստը մնում է փաստ, որ մենք չենք կարողանում ապահովվել մեր տարածքային ամբողջականությունը», - նշեց քաղաքագետը։
Բենիամին Մաթևոսյանի խոսքով՝ այս ամենը հանգեցնում է նրան, որ միջազգային հարաբերություններում Հայաստանը սուբյեկտից աստիճանաբար վերածվում է օբյեկտի։
«Երբ ադրբեջանցի զինծառայողները տեղակայվում էին Սև լճի տարածքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Ադրբեջանի զինուժը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք։ Հիմա, գուցե քայլե՞ր ձեռնարկի նույն այդ Ադրբեջանին դուրս հանելու Հայաստանի սուվերեն տարածքից և նոր միայն ինչ-որ բանակցություններ ձեռնարկի վերջինիս հետ», - ամփոփեց խոսքը քաղաքագետը։