12/08/2021 14:07
Երևանում եկամտահարկի վերադարձի ծրագիրն աստիճաբանար կդադարեցվի
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը գործադիրի հաստատմանը ներկայացրեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծ։
«Նպատակն է փոխել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսային գումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնությամբ ուղղված տարածքային համաչափությունը և դրան հաղորդել տարածքային համաչափ զարգացման նշանակություն։ Արտոնությունը գործում է ավելի քան հինգ տարի ժամկետում, կարգավորումը ի սկզբանե ընդունվել է ընդգծված տնտեսական նշանակությամբ՝ առանց սահմանափակումների», - ասաց նախարարը։
Կառավարության որոշման նախագծում ասված է, որ հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը՝
ա. 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված առաջին գոտում,
բ. 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտն-վում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված երկրորդ գոտում,
գ. 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված՝ երրորդ գոտում,
դ. 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված՝ սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում չնշված գոտիներում»։
Այս օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։ Սույն օրենքով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ։