12/08/2021 11:47
Հարևան և սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը և կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու. ՀՀ վարչապետ
Հարևանների հետ հարաբերությունների խորացումը և կարգավորումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու, կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Թշնամության հաղթահարումը կարող է և պետք է դառնա մեր տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Հայաստանը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և/կամ զարգացումը։ Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը և/կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու», - ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ թշնամության և թշնամանքի մթնոլորտի հետագա խորացումը մեր տարածաշրջանում անթույլատրելի է։
«Դա սպառնալիք է ոչ միայն ողջ տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության համար։ Թե թշնամության մթնոլորտի խորացումը ինչպիսի դրսևորումների կարող է բերել, տեսանք Բաքվում բացված, այսպես կոչված, «ավարի պուրակի» օրինակով, որը, կարծում եմ, անարգանք է մեր տարածաշրջանի և տարածաշրջանային քաղաքակրթության հասցեին։ Սա ընդգծում եմ՝ ցույց տալու համար, թե որքան հրատապ է տվյալ հարցի կառավարումը», - նշեց Փաշինյանը։