13/08/2021 15:26
Եթե կառավարությունը որոշել է կրճատել եկամտահարկի վերադարձի ծրագիրը, ապա պետք է համարժեք այլ ծրագրեր առաջարկի. տնտեսագետ
Եթե կառավարությունը որոշել է կրճատել Երևանում հիփոթեքային վարկով բնակարանների եկամտահարկի վերադարձի ծրագիրը, ապա պետք է համարժեք այլ ծրագրեր առաջարկի՝ մեղմելու հնարավոր կորուստներն ու վնասները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Այս ծրագիրն առաջին հերթին նպատակ ուներ աջակցելու բնակարանաշինության ոլորտին։ Բնականաբար, այս ծրագրի շահառուն էր նաև վճարունակ միջին խավը, որը կարողացավ օգտվել ընձեռնված հնարավորությունից։ Վերջին տարիներին արտոնությունից օգտվողների թիվը շատ արագ տեմպերով ավելացել էր, մարդիկ ծրագրի շրջանակներում բնակարաններ էին ձեռք բերում, և պետական բյուջեի վրա ֆինանսական բեռը գնալով ավելանում էր», - նկատեց մեր զրուցակիցը։
Սուրեն Պարսյանի խոսքով՝ տարբեր հաշվարկներով՝ միայն այս տարվա համար կառավարությունն այդ նպատակով առանձնացրել էր շուրջ 10 մլրդ դրամ։
«Այդ է պատճառը, որ կառավարությունը որոշում կայացրեց աստիճանաբար վերացնել ծրագիրը։ Բայց կասկածից վեր է, որ ծրագրի շահառուները, շինարարության ոլորտը այս որոշման հետևանքով կորուստներ կունենան։ Տարբեր շրջանակներում քննարկումներ կան, որ վերոնշյալ 10 միլիարդ դրամը կարող է ծախսվել, օրինակ, սոցիալական բնակարանաշինության համար՝ կառուցելով մոտ 700 բնակարան և անհատույց հատկացնելով սոցիալական խոցելի խմբերին՝ զոհված զինծառաողների ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին և այլ», - ասաց Պարսյանը։
Տնտեսագետի համոզմամբ՝ կառավարությունը պետք է ունենա ինչպես սոցիալական բնակարանաշինության, այնպես էլ միջին խավի և շինարարական ոլորտի խրախուսման ծրագրեր՝ մեկը մյուսի հաշվին չկրճատելով։
«Պետական բյուջեում կան բազմաթիվ ծրագրեր, որոնց ֆինանսավորումներն ավելանում են, բայց կառավարությունն այդ գումարները չի կրճատում։ Ուրեմն ի՞նչու է հենց այս ծրագարի կրճատումն առաջնահերթ», - հարց հնչեցրեց Սուրեն Պարսյանը։