13/08/2021 09:28
«Ժողովուրդ». Իշխանությունը նպատակ ունի Կապանի համայնքապետի պաշտոնն ու ավագանին իրենով անել
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունը նպատակ ունի Սյունիքի մարզի Կապան քաղաքում ավագանու ու համայնքապետի պաշտոնը իրենով անել: Երեկ այս մասին խոսեց նաև ԱԺ պատգամավոր, կապանցի Աննա Գրիգորյանը, ըստ որի՝ իշխանությանը հաջողվել է արդեն հասնել նրան, որ համայնքի ավագանին հրաժարական է ներկայացնում, ինչը նշանակում է, որ առաջիկայում արտահերթ ընտրություններ են սպասվում:
Պարզվում է՝ հայրենի իշխանությանը դուր չի եկել Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի այն հայտարարությունը, որ ԱԺ արտահերթ ընտրություններին ոչ մի դեպքում չպետք է ձայն տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընտրությունների արդյունքներից հետո որոշվել է Փարսյանին հեռացնել իր պաշտոնից, ու հիմա այդ գործընթացն է իրականացվում: 15-ից 8 ավագանի արդեն հրաժարական է ներկայացրել, ու արդեն հստակ է, որ ընտրություններ կլինեն:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունն արդեն ունի համայնքապետի իր թեկնածուն՝ ՔՊ խմբակցության պատգամավոր կապանցի Դավիթ Դանիելյանը: Նախ՝ ավագանին իրենցով կանեն, հետո Դանիելյանին կընտրեն քաղաքապետ:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձել է տեղեկությունը ճշտել Դավիթ Դանիելյանից, որն ասել է. թե հիմա հստակ որոշում չկա կայացված։
«Որոշակի խոսակցություններ կան, բայց որևէ հստակ բան այս պահին որոշված չէ: Իհարկե, ամբողջապես ներգրավված եմ լինելու նախընտրական գործընթացին», - վստահեցրել է երիտասարդ Դանիելյանը։