13/08/2021 11:33
Զբոսաշրջության ոլորտում 300 տոկոսի աճ կարող է ապահովվել․ Մեխակ Ապրեսյան
Եթե 2021 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակների ընթացքում ունենանք մոտավորապես 1 միլիոն զբոսաշրջային այցելություն, նշանակում է՝ զբոսաշրջության ոլորտում 300 տոկոսի աճը կապահովվի, «Կենտրոն» հեռուտաընկերության եթերում հայտարարել է «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը։
«Դրա հնարավորությունը կա, հույս ունեմ, բայց՝ պետական, մասնավոր բոլոր շահագրգիռ կողմերով աշխատանքին լծվելու, անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու դեպքում», - ասել է նա։
Ապրեսյանն իր կարծիքը հիմնավորել է զբոսաշրջության ոլորտում 2021 թվականին գրանցված ցուցանիշներով․ ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը 2021 թվականի առաջին կիսամյակում կազմել է 239 000–ից մի փոքր ավելի, ինչը, 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ, պակաս է 22,2 տոկոսով։
«Բայց նվազումը 72 տոկոսից ավելին չէ, ինչպես 2020 թվականի առաջին եռմասյակի հետ համեմատության դեպքում է։ Եթե մենք առաջին կիսամյակում հասել ենք 239 000-ին, ապա, եթե արտառոց բաներ չլինեն, տարվա երրորդ եռամսյակը միշտ եղել է զբոսաշրջության ամենաակտիվ սեզոնը։ Նշանակում է, որ եթե մենք երրորդ և չորրորդ եռամսյակների ընթացքում ունենանք մոտավորապես 1 միլիոն այցելություն, 300 տոկոսն ապահովվում է։ Աշխատելու դեպքում դրա հնարավորությունը կա», - ասել է նա։