13/08/2021 13:55
Փաշինյանի երեկվա ելույթը նշանակում է, որ մենք ինչ-որ խաղաղություն ենք ուզում այն տարածքի համար, որն այսօր մնացել է․ ՀԴԿ նախագահ
ՀՀ կառավարությունը, ի դեմս վարչապետի, հայտարարում է, որ մենք ոչ մի ցանկություն չունենք նվաճելու այս կամ այն տարածքը, բայց ես կարծում եմ, որ ոչ ոք չի մոռացել, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ մեկնաբանելով նախօրեին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթը։
«Երեկվա ելույթում (Փաշինյանի-խմբ․) որևէ խոսք չասելը Արցախի Հանրապետության կարգավիճակի, առավել ևս՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների վերաբերյալ, նշանակում է, որ մենք ինչ-որ խաղաղություն ենք ուզում այն տարածքի համար, որն այսօր այս պայմաններում կա Հայաստանի Հանրապետության համար», - ասաց Սարգսյանը։
Արամ Սարգսյանը նաև կարծիք հայտնեց, որ Կրեմլում որոշել են պաշտպանել Հայաստանի՝ ստեղծված պայմաններում մնացած տարածքն ու Արցախի այն հատվածը, որն իրենք են վերահսկում։
«Այսինքն՝ պաշտպանելու են ուղղակի իրենց ֆիզիկական ներկայությամբ և անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ռազմական գործողություններով։ Այստեղ է, որ որոշակի հակասություն է առաջ գալիս, որովհետև եթե Հայաստանի Հանրապետությունը չի ձգտում ազատագրել օկուպացված տարածքները, կնշանակի, որ Ռուսաստանն է իր վրա վերցնում այդպիսի երաշխավորություն, ինչը անհեթեթ իրավիճակ կարող է ստեղծել այս տարածաշրջանում», - ասաց ՀԴԿ նախագահը։