14/08/2021 11:59
Երևանում եկամտահարկի վերադարձի չեղարկումը պետք է դիտարկել մարզերի համաչափ զարգացման համատեքստում. Գագիկ Մակարյան
Երևանում հիփոթեքային վարկով բնակարանների եկամտահարկի վերադարձի չեղարկումը պետք է դիտարկել մարզերի համաչափ զարգացման համատեքստում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը։
Նրա խոսքով՝ որպեսզի ծրագրի դադարեցումից հետո բազմաթիվ քաղաքացիներ չզրկվեն շահավետ տարբերակով անշարժ գույք ձեռք բերելու հնարավորությունից, և շինարարության ծավալներն էլ զգալի չկրճատվեն, կառավարությունը պետք է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը մի շարք կարևոր խնդիրներ լուծի։
Առաջինը, ըստ Մակարյանի, մարզերում պետք է ստեղծվեն աշխատատեղեր, զարգանան ենթակառուցվածքները, որպեսզի մարդիկ ցանկանան ապրել, աշխատել, հետևաբար նաև բնակարան ձեռք բերել Երևանից դուրս։
«Երկրորդ, շատ կարևոր է, որ կառուցապատողներն արդեն այժմվանից հետևեն կառավարության այս որոշմանը և հողեր ձեռք բերեն մարզերում՝ շինթույլտվություններ ստանալով հենց Երևանից դուրս։ Պետք է կառուցվեն էներգախնայող, ավելի թեթև և հարմարավետ հումքով էժան տներ։ Իսկ Երևանում, գլխավոր ճարտարապետի գլխավորությամբ, պետք է նոր նախագիծ մշակվի», - ասաց տնտեսագետը։
Հարցին՝ իսկ ի՞նչ պետք է անեն այն քաղաքացիները, որոնք ցանկանում են անշարժ գույք ձեռք բերել հենց մայրաքաղաքում և ոչ թե մարզերում, Գագիկ Մակարյանը պատասխանեց՝ միջին խավի քաղաքացիներն, այսպես թե այնպես, գրեթե չեն կարողանում օգտվել հիփոթեքի գործող պայմաններից։