16/08/2021 23:29
Կութ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակոցների ինտենսիվությունը նվազել է. Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար
Այս պահին Կութ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակոցների ինտենսիվությունը նվազել է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Այս պահի դրությամբ կրակոցները, կարելի է ասել, համեմատած կտրվել են։ Մի պահ շատ ինտենսիվ էին՝ 17։00-ից մինչև այս պահերը։ Ադրբեջանցիները կրակում էին տարբեր տրամաչափի զենքերից։ Այս պահին հարաբերական հանգիստ է, տեսնենք՝ հետո ինչ կլինի։ Գյուղի բնակիչները զգոն են», - ասաց Ավետյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կրակոցների մասին տեղեկացրել էր ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նա հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերն ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ և Նորաբակ գյուղերի վրա։
Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ այսօր ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, ինչի հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ և վիրավոր: