16/08/2021 11:55
Մեզ սպասում են ճակատագրական գործընթացներ, մնում է հասկանալ՝ Հայաստանի ժողովուրդը համաձա՞յն է Ալիևի հետ․ Արթուր Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը «Ֆեյսբուքում» անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկած «խաղաղության պայմանագրի» պայմաններին ու շատ կարևոր համարել հայ ժողովրդի դիրքորոշումը։
«Թշնամական պետության ղեկավարը բացել է բոլոր խաղաքարտերը՝ նշելով, որ Հայաստանի կառավարության ղեկավարի առջև դրված են խաղաղության պայմանագրի պահանջներ:
Դրանք են.
1. Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Արցախից հրաժարվել;
2. Սյունիքով ացնող հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ՝ միջանցք;
3. Սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա:
Ամենավտանգավորն ու ստորացուցիչն այստեղ այն է, որ նա պնդում է, որ խաղաղության այս պայմանների հետ համաձայն է ոչ միայն Հայաստնի կառավարության ղեկավարը, այլ նաև Հայաստանի «ժողովուրդը»:
Որպես իր այս պնդման հիմնավորում նա բերում է հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները:
Այն, որ Հայաստանի կառավարության ղեկավարը համաձայն է Ադրբեջանի նախագահի հետ, դա նորություն չէ. սա բազմիցս հաստատվել է վերջին 3 տարիների ընթացքում իր կատարած քայլերի ու արտահայտած մտքերի շարքում:
Հիմա մնում է հասկանալ՝ Հայաստանի ժողովուրդը համաձա՞յն է Ալիևի հետ և պատրա՞ստ է կատարել նրա բոլոր պահանջները:
Մեզ սպասում են ճակատագրական գործընթացներ և մեզնից յուրաքանչյուրն ունի իր անելիքն ու պատասխանատվությունը՝ Հայկական երկու պետությունները պահելու, ուժեղացնելու և հետագայում մեր երեխաներին արժանապատիվ ժառանգություն թողնելու հարցում», - գրել է Արթուր Ղազինյանը: