16/08/2021 13:32
«Կապիտուլյանտ» բառը քաղաքական գնահատական է, ոչ թե վիրավորանք․ Թագուհի Թովմասյան
«Կարծում եմ, որ խորհրդարանի նախագահը չպետք է այդպես բուռն արձագանքեր, որովհետև գոնե անցած 8 ամիսների ընթացքում իրենք լսել են Նիկոլ Փաշինյանի հասցեին «կապիտուլյանտ» որակումը, և նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո, որը, ըստ էության, կապիտուլյացիայի փաստաթուղթ է որակվում, որովհետև այնտեղ հայանպաստ ոչինչ չկա՝ բացի «զինադադար» բառից, այդպիսի փաստաթուղթ ստորագրած ղեկավարին անվանում են կապիտուլյանտ։ Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ «կապիտուլյանտ» բառը քաղաքական գնահատական է, ոչ թե վիրավորանք, - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդմանը ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ կապված հայտնի միջադեպին այսպիսի գնահատական է տվել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
«ՀՀ ԶՈՒ, Գլխավոր շտաբի, պաշտպանության նախարարության ղեկավարը վարչապետն է, այսինքն՝ Գերագույն գլխավոր հրամանատարն է։ Հետևաբար, երբ խոսում ենք քաղաքական պատասխանատվության մասին, բնականաբար, թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ ․․․Այո՛, պարտվել ենք բոլորս, բայց Հայաստանի սահմանների անվտանգության և Արցախի 75 տոկոս կորստի պատասխանատուն, բնականաբար, նա է», - ընդգծել է Թագուհի Թովմասյանը։
Բոլոր նրանց, ովքեր դատապարտում են գործածվող բառամթերքը կամ ատելության խոսքն՝ ընդհանրապես, Թագուհի Թովմասյանը հորդորել է սեփական վարքագծով օրինակ ծառայել։
«Ես ամբողջ կյանքում այդպես եմ առաջնորդվել․ քննադատել եմ ամենադաժան, ամենասուր ձևով, բայց վիրավորական բառեր չեն պարունակել այդ քննադատությունները։ Եվ ես կարծում եմ, որ մենք կամաց-կամաց պիտի հասնենք այդ վիճակին, որ ատելության խոսքը վերածվի թեմատիկ քննադատության և հետևողական քննադատության», - ասել է նա։