16/08/2021 11:48
Ներկայիս իշխանությունն ընդդիմության աթոռներից կուրծք էր ծեծում, թե չի կարելի Սևանից ջուր բաց թողնել․ Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է Սևանա լճի մակարդակի և Սևանից ջրառ կատարելու անթույլատրելիության մասին իշխանությունների կողմից նախկինում արված հայտարարությունները և, դրանք համեմատելով այսօր վարվող քաղաքականության հետ, տեսել ակնհայտ հակասություն։
«Ամիսներ առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական աննախադեպության մասին ավետեց։ Ըստ նրա՝ Սևանա լճի բարձրությունն այս տարվա հունիս-հուլիս ամիսներին գրանցելու էր պատմական ռեկորդ։ Սակայն, ինչպես միշտ, հերթական այս աննախադեպությունն էլ հերթական ոչ աննախադեպ ստախոսությունն էր։
Թեև Արփա-Սևան թունելով տարեսկզբից ջրի հավելյալ մուտք է ապահովվել, լճի մակարդակն օգոստոսի 13-ի դրությամբ 1900,68 մ է, որը ցածր է անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1900,73 մ նիշից:
Այս իշխանությունն իշխանության եկավ Սևանա լճից ջրառի արգելման խոստմամբ։ Նույնիսկ օրենք ընդունեց, որը պետք է երաշխավորեր ջրառի բացառումը։ Հիշում եմ, այդ օրերին սևանցի մի պատգամավոր կար, ով ԱԺ ամբիոնից մեծ ոգևորությամբ հայտնում էր, թե վերջ, այսպիսով Սևանա լիճը փրկված է։
Պարզվեց ի՞նչ. հերթական դեմագոգիան՝ պոպուլիզմական ոճաբանությամբ։
Ի դեպ, ես ամենևին դեմ չեմ Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելուն։ Բայց ես դեմ չէի նաև նախկինում, երբ ներկայիս իշխանությունն ընդդիմության աթոռներից կուրծք էր ծեծում, թե չի կարելի ջուր բաց թողնել։
Քաղաքականությունում հաջողությունն իսկապես պոպուլիզմի վրա է հենված, բայց արդյոք մեկ կոպեկի արժեք ունի՞ այդպիսի քաղաքականությամբ իշխանություն ստանալը», - գրել է Արսեն Բաբայանը։