17/08/2021 15:29
Ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով այս պահին Սոթքի հանքի աշխատանքները դադարեցված են, աշխատակիցները տարհանվել են. Շահնազարյան
Ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով այս պահին Սոթքի հանքի աշխատանքները դադարեցված են, աշխատակիցները տարհանվել են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարի խորհրդական Դավիթ Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ այս պահին էլ հակառակորդի կրակոցները շարունակվում են։ Թե քանի աշխատակից է հանքի տարածքից տարհանվել, Շահնազարյանը չմանրամասնեց՝ միայն նշելով, որ այս պահին հանքում աշխատանքներ չեն կատարվում։
«Հանքի ուղղությամբ ադրբեջանցիները սկսել են կրակել մոտ 1 ժամ առաջ։ Երեկ երեկոյան ևս կրակել են», - ասաց նա։
Դավիթ Շահնազարյանը միաժամանակ տեղեկացրեց, որ այս պահին հարաբերական հանգիստ վիճակ է Նորաբակ համայնքի ուղղությամբ, այնտեղ կրակոցներ չեն լսվել։
Հիշեցնենք, որ երեկ՝ մինչև կեսգիշեր, հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակել է նաև Կութ և Նորաբակ գյուղերի ուղղությամբ։