17/08/2021 11:58
Ադրբեջանական կողմի արարքներն ունեն մարդկանց կյանքից զրկելու դիտավորություն, խաթարում են անվտանգությունը. Թովմասյանը պահանջել է արձագանքել ՀՀ սահմանին տիրող իրավիճակին
Նախօրեին հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմը երկու զոհ է ունեցել, Ադրբեջանը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, օգտագործում է նաև լուսարձակող զինատեսակներ՝ փորձելով ահաբեկել սահմանամերձ հայկական գյուղերի բնակիչներին, արտահերթ նիստին հայտարարեց ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի, նաև Հայաստանի բնակավայրերի ուղղությամբ ձեռնարկած ագրեսիվ ու հանցավոր գործողությունների վրա։
«Ադրբեջանական կողմի արարքներն ունեն հանցավոր բնույթ, ունեն մարդկանց կյանքից զրկելու դիտավորություն, ամբողջությամբ խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը։ Ադրբեջանական ԶՈՒ-ն ամիսներ շարունակ ապօրինի գտնվում է ՀՀ տարածքում, բազմաթիվ վայրերում տեղակայված են գյուղերի անմիջական հարևանությամբ, ինչպես նաև միջհամայնքային ճանապարհներին։ Այս փաստերն ինքնին մարդկանց իրավունքների խախտումներ են։ Այդպիսով, ադրբեջանական կողմը խախտում է նաև ՀՀ-ի բազմաթիվ քաղաքացիների սեփականության, ազատ տեղաշարժի և այլ կենսական իրավունքներ։
Ադրբեջանական կողմի նշված վայրագությունների առնչությամբ հրավիրում եմ միջազգային հանրության ուշադրությունը։ Ակնկալում եմ ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, ԵԽԽՎ-ի , «Եվրանեսթի», ինչպես նաև ՄԻՊ ոլորտում գործունեություն ծավալող միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դատապարտող և կանխարգելող վճռական քայլերը», - ասաց ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահը։