18/08/2021 17:24
Մարդիկ ունեն ֆինանսական կապիտալ, կապեր, դրանք մոբիլիզացնելով՝ Հայաստանում տնտեսական աճ կապահովվի․ նախարար
Շատ կարևոր է, որպեսզի մեր քաղաքացիներից յուրաքանչյուրը հասկանա, որ իր անձնական ներդրումը երկրի կայացման մեջ, ապահովելու է թե՛ իր անձնական բարեկեցության աճը, թե՛ մեր երկրի տնտեսական ու, իհարկե, անվտանգային կայացումը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով տնտեսական 7 կամ 9 տոկոսանոց աճին հասնելու իր պատկերացրած գործիքակազմը։
«Ամենակարևոր ռեսուրսը հայ ազգի ռեսուրսն է։ Չեմ ուզում առանձնացնել Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվողներին, բայց այն ահռելի ռեսուրսը, որն ունենք, բայց դեռևս չենք կարողանում լավ օգտագործել, պետք է կարողանանք լավ օգտագործել։ Ո՛չ միայն մարդկային կապիտալը․ մարդիկ ունեն նաև ֆինանսական կապիտալ, նաև կապեր, ու այդ բոլոր մարդկանց բոլոր կապերը, բոլոր ֆինանսական ռեսուրսները կամ դրանց մի մասը մոբիլիզացնելը արդեն շատ-շատ մեծ ռեսուրս է, որպեսզի Հայաստանի տնտեսական աճն ապահովվի։ Իհարկե, այստեղ շատ կարևոր են նաև թե՛ ԵՄ-ի, թե՛ այլ միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում հնարավոր կամ հասանելի ռեսուրսները», - ասաց Քերոբյանը։