18/08/2021 11:00
Մենք համարում ենք, որ դա ճիշտ քաղաքականություն է՝ պատվաստվելուց հրաժարվողը պետք է անընդհատ ՊՇՌ թեստ հանձնի․ Անահիտ Ավանեսյան
Մենք համարում ենք, որ դա ճիշտ քաղաքականություն է․ եթե անձը հրաժարվում է պատվաստվելուց, ուրեմն անընդհատ պետք է ՊՇՌ թեստ հանձնի, որպեսզի հավաստի լինի նրա՝ վարակված չլինելու փաստը, և մարդը աշխատանքի հաճախելիս չվարակի իր կոլեգաներին, չվարակի տրանսպորտում այլ անձանց, խանութում իր շուրջ գտնվող քաղաքացիներին, «Հանրային հեռուստաընկերության» եթերում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք արդեն իսկ մշակել ենք որոշակի փոփոխությունների փաթեթ, որն առաջիկայում կընդունվի, և հոկտեմբերի 1-ից դիտարկում ենք պատվաստված չլինելու պարագայում ժամանակ առ ժամանակ ՊՇՌ թեստ հանձնելու պարտականությունը, որովհետև սա միայն կոնկրետ անձի առողջությանը չի վերաբերում», - հավելել է նա։
Նշված փոփոխությունները, ինչպես նշել է Ավանեսյանը, վերաբերելու են բոլոր տեսակի տնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերությունների, այդ թվում՝ հանրային սննդի օբյեկտների աշխատակիցներին, ինչպես նաև ուսումնական հաստատություններին, պետական կառավարման մարմիններին։
«Կարգավորումն այսպիսինն է․ բոլոր տեսակների տնտեսական գործունեությամբ զբաղվողներից գործատուները պետք է պահանջեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ, եթե անձը պատվաստված է, սերտիֆիկատը կամ հավելվածը։ Մեր նախնական պահանջը վերաբերելու է աշխատակիցներին։ Մենք դրանով կպատրաստվենք դպրոցական տարվան։ Նաև տեսնում ենք, որ հանրային սննդի օբյեկտները այս օրերին բավականին ծանրաբեռնված են։ Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու կորոնավիրուսի առաջիկա ալիքին, և տնտեսական գործունեության այս բոլոր տեսակները պետք է պարտավորություն վերցնեն՝ աշխատակիցներից պահանջելու պատվաստում կամ բացասական թեստեր։ Պետական կառավարման մարմինները և ուսումնական հաստատությունները ևս պետք է ենթարկվեն այս դրույթին», - ասել է Անահիտ Ավանեսյանը։