19/08/2021 11:35
Ադրբեջանի գործողությունները սադրանք չեն, ռազմական օպերացիաներ են՝ կոնկրետ նպատակներով․ ռազմական փորձագետ
Ադրբեջանի գործողությունները սադրանք որակելը տեղին չէ, որովհետև դրանք այլևս չեն տեղավորվում սադրանքի բանաձևի մեջ, դրանք արդեն ռազմական օպերացիաներ են, որոնք Ադրբեջանն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքից ներս՝ հստակ նպատակներով, հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածների նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան այսպես է բնութագրել ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ադրբեջանի ձեռնարկած ռազմական օպերացիաների նպատակներից մեկը, ըստ փորձագետի, դիվանագիտական դաշտում հաղթաթուղթ շահելն է։
«Ադրբեջանը փորձում է ՀՀ-ից գրավել տարածքներ, և այդ տարածքները դարձնել առևտրի առարկա, որպեսզի հասնի իր ուզածին, իսկ իր և Թուրքիայի ուզածը «Զանգեզուրի միջանցք» կոչվածն է», - ասել է Հովհաննիսյանը։
Նա խոսել է նաև Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների մասին։
«Ադրբեջանի նպատակն է՝ կարողանալ որոշակիորեն առաջ շարժվել ՀՀ-ի տարածքում։ Կապ չունի՝ դիրքային շարժ կունենա, թե բնակավայր կվերցնի իր վերահսկողության տակ։ Կարևորը, որ որևէ բան վերցնի իր վերահսկողության տակ՝ լինի դա բարձունք, բնակավայր, թե դիրք, նշանակություն չունի», - ասել է ռազմական փորձագետը։
Հայաստանի պատասխան գործողությունները մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները, Հովհաննիսյանի գնահատմամբ, համարժեք չեն եղել, հակառակորդի կրակոցների առկայության դեպքում նախապատվություն է տրվել նրա հետ բանակցություններին, սակայն այժմ տպավորություն է, որ հայկական կողմի տրամադրվածությունը փոխվել է, քանի որ Ադրբեջանն էլ փոխել է գործելաոճը։
«Ընտրություններից հետո Ադրբեջանն անցել է կոնկրետ թիրախավորված ռազմական գործողությունների․ սկսել են թիրախավորել զինծառայողներին, ինչո՞ւ չէ, նաև խաղաղ բնակչությանը», - ասել է Հովհաննիսյանը։