19/08/2021 09:18
«Ժողովուրդ». Ծառուկյան-Փաշինյան հանդիպումը տվեց իր արդյունքը. որոշել են «ներել»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը «փակել է» Գագիկ Ծառուկյանի քրեական գործը: Ավելին՝ իրավապահ համակարգում կատակում են, որ քրեական գործով այնքան գործ չի արվել, որ թղթապանակների վրա փոշի է նստել: Ինչո՞ւ ԱԱԾ-ն որևէ քայլ չի անում ԲՀԿ առաջնորդի քրեական գործով՝ հաշվի առնելով 2020 թվականի ԱԱԾ-ի գերակտիվ գործողությունները վերջինիս մասով, խուզարկությունները, նրան մի քանի անգամ ԱԱԾ հրավիրելը և, իհարկե, պատերազմի օրերին կալանավորելը։ Գուցե այն ժամանակ հրահանգ կար իշխանությունների կողմից, իսկ հիմա որոշել են «ներել»:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն էր տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը:
Հ. Գ. Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ օգոստոսի 16-ին Գագիկ Ծառուկյանը գնացել էր ՀՀ կառավարություն և հանդիպել Նիկոլ Փաշինյանին։ Վերջինններս մոտ 1,5 ժամ զրույց են ունեցել»։