19/08/2021 13:44
«Փաշինյանի հայացքը կտրուկ փոխվեց, նա շեշտեց, որ Բորիս Ավագյանը չի կարող լինել հանձնաժողովի կազմում»․ անհետ կորածի հարազատ
Գերիների և անհետ կորածների հարազատներն ու ծնողները, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում ԱԱԾ շենքի մոտ, այժմ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի հետ հանդիպման են։ Մինչ հանդիպումը, լրագրողների հետ զրույցում, նրանք մանրամասներ պատմեցին պատերազմից հետո որոնողական աշխատանքների ընթացքից, նաև Փաշինյանի հետ իրենց հանդիպումներից։
Հարազատներից մեկը նշեց օրինակ, որ Նիկոլ Փաշինյանը կտրուկ մերժել է գերիների և անհայտ կորածների հարցով հանձնաժողով ստեղծելու դեպքում՝ ծնողներից և կառավարության ներկայացուցիչներից բացի, այդ հանձնաժողովում նաև Արցախի ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանին ընդգրկելու առաջարկը, և դա արել է՝ Ավագյանի քաղաքական հայացքների պատճառով։ Իսկ հանձնաժողովն այդպես էլ չի ստեղծվել։
«Մեր առաջնահերթ խնդիրը մեր երեխաներին գտնելն է։ Բորիս Ավագյանի հետ մենք մի քանի անգամ համագործակցեցինք, բայց վերջին անգամ, երբ ծնողներից մեկն առաջարկեց հանձնաժողով ստեղծել, վարչապետին առաջարկ ուղղեցինք, որ հանձնաժողովում ներառված լինեն 3 ծնող, Բորիս Ավագյանը, որը կապեր ունի և 3 հոգի կառավարությունից, վարչապետը մերժեց, ասաց՝ ես Բորիս Ավագյանին չեմ թողնի, որ լինի այդ հանձնաժողովում։ Նրա հայացքը կտրուկ փոխվեց, շեշտեց, որ Ավագյանը չի կարող լինել այդ հանձնաժողովում»,- ասաց անհայտ կորած զինծառայողի հարազատը։
Ակցիայի մեկ այլ մասնակից, որի որդին ևս անհայտ կորած է, հայտարարեց, որ երբ պատերազմից հետո իրենք Արցախում են եղել և մասնակցել են որոնողական աշխատանքներին, Հայաստանից ոչ մի պաշտոնյա չի հետաքրքրվել տեղի ունեցող գործընթացներով։
«Այդ ժամանակ որոնողական աշխատանքներով, բանակցություններով զբաղվել են Արցախի ԱԻՊԾ-ից Մեխակ Արզումանյանը։ Եթե ինչ-որ բան չէր ստացվում, գալիս էր Կարեն Սարգսյանը, որն այսօր Արցախի ՆԳ նախարարն է, Մուրադովը։ Կարմիր Խաչը կանգնած էր դիտողի կարգավիճակում, և վերջ։ Եվ երկու ծնող։ Ինչ արել են, միայն Արցախի իշխանություններն են արել։ Այստեղից ոչ ոք չի եկել, չի հարցրել՝ ի՞նչ եք անում, ի՞նչ է կատարվում, ո՞ւմ հետ եք խոսում»,- ասաց նա։