20/08/2021 15:55
Վարժական հավաքները շատ կարևոր են. հասարակությունը յուրաքանչյուր պահի պետք է ամեն ինչի պատրաստ լինի. ռազմական փորձագետ
Վարժական հավաքները շատ կարևոր են. կարևոր են առաջին հերթին հասարակության համար, որպեսզի մարդիկ յուրաքանչյուր պահի ամեն ինչի պատրաստ լինեն։ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք չենք տիրապետում նույնիսկ հրաձգային զենքի նվազագույն պահանջներին, ուր մնաց՝ հրետանուն և մնացածին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Տարիներ շարունակ մեր երկրում պահեստազորայինների վարժանքները տեղի չեն ունեցել կամ կրել են ձևական բնույթ՝ զուտ թղթի վրա։ Մարդիկ մեկ-երկու՝ առավելագույնը 15 օրով, գնացել են վրանային ճամբարի նման մի տեղ և հետ եկել։ Իսկ հիմա, կարծես թե, նպատակ կա իրականում կազմակերպել այդ երկարաժամկետ վարժանքները», - նշեց նա։
Ռազմական փորձագետը շեշտեց՝ հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ այս տարածաշրջանում չի կարող ապրել բացառապես քաղաքացիական կյանքով. մեր կյանքի մի մասը պետք է պարտադիր կազմի զինվորական պատրաստականությունը։
Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։