20/08/2021 19:09
Մեկնարկող վարժական հավաքները մարդկանց մոտ կարող են որոշակի անարդարության զգացում առաջացնել. ռազմական փորձագետ
Վարժական հավաքներն ամրագրված են ՀՀ օրենսդրությամբ, սակայն օգոստոսի 25-ից մեկնարկող հավաքները մարդկանց մոտ կարող են որոշակի անարդարության զգացում առաջացնել. պատճառն այն է, որ ոչ բոլոր խմբերի քաղաքացիերն են կանչվելու, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։
«Վարժական հավաքները նորույթ չեն, սակայն տարիներ շարունակ դրանք Հայաստանում չեն կիրառվել։ Եվ հիմա մարդկանց միանգամից 3 ամսով իրենց առօրյայից, սոցիալական միջավայրից կտրելն առնվազն սթրես է։ Սա կարող է իր հետ նաև սոցիալական հետևանքներ բերել։ Հնարավոր է՝ վարժանքների կանչվողը հովիվ է և ուրիշ մեկը չունի, ով իր բացակայության ընթացքում կկարողանա հետևել հոտին։ Կամ քաղաքացին վարկային գիծ ունի, խանութ է վերցրել և պետք է ամեն ամիս իր վարկը սպասարկի, կամ էլ վարպետ է, որը գործ է վերցրել, և հիմա՝ հավաքի պատճառով, պետք է այն կիսատ թողնի», - նշեց մեր զրուցակիցը։
Մհեր Հակոբյանի խոսքով՝ խորհրդային, նույնիսկ ավելի վաղ ժամանակներից կիրառվող հավաքների պրակտիկան հնացած մեթոդոլոգիայով է ներմուծվել ժամանակակից կյանք, այնինչ այս նախաձեռնությունը մշակողները պետք է նորարական մոտեցումներ ցուցաբերեին։ Մասնավորապես, կանչված քաղաքացիները շաբաթվա զույգ օրերին՝ ժամը 09։00-18։00-ն, նշանակված վայրում անհրաժեշտ վարժաքներ անցնեին և գնային տուն, ոչ թե՝ դասական, զորամասային ծառայություն իրականացնեին։
«Ավելի լավ է այսպես ծառայությունը ձգվի 5-6 ամիս, ոչ թե ամսվա 30 օրվա կտրվածքով մարդիկ անընդհատ վարժանքների մեջ ներգրավվեն», - ասաց նա։
Ռազմական փորձագետը նկատեց՝ եթե խորհրդային տարիներին վարժական հավաքներին, ասենք, որևէ հովիվ էր կանչվում, վերջինիս փոխարինում և նրա գործը հաջողությամբ կատարում էր կոլխոզի այլ աշխատակից։ Նույնը վերաբերում էր նաև պետական ծառայողներին։ Այնինչ այժմ՝ մասնավոր ոլորտում, սոցիալական պարտականություններն անհնար է ուրիշին «ժառանգել»։