21/08/2021 14:56
Դատախազությունը մերժել է անձեռնմխելիության նոր կարգավիճակ ձեռք բերած Արթուր Սարգսյանի կալանավորումը վերացնելու միջնորդությունը
Անձեռնմխելիության նոր կարգավիճակ ստանալու հիմքով Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությունը դատախազությունը մերժել է, 168․am-ին հայտնել է Արթուր Սարգսյանի պաշտպան, փաստաբան Էմին Խաչատրյանը։
«Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեր միջնորդությունը, ըստ մեզ, հանիրավի ու անհիմն մերժվել է, որոշումը բողոքարկել ենք դատական կարգով: Մենք ասում էինք, որ մեր պաշտպանյալը անձեռնմխելիության նոր կարգավիճակ է ձեռք բերել, այդ հիմքով խափանման միջոց կալանավորումը վերացրեք: Մենք գտնում էինք ու հիմա էլ ենք գտնում, որ անձը Ազգային ժողովի պատգամավորի մանդատը ստանալուց և այդ պաշտոնը փաստացի ստանձնելուց հետո անձեռնմխելիության նոր կարգավիճակ է ձեռք բերում, որը հաղթահարված չէ: Այդ մասով ենք միջնորդությունը ներկայացրել, որ հաշվի առնելով այդ հանգամանքները և հաշվի առնելով, որ նոր կարգավիճակ կա, և անձեռնմխելիությունը հաղթահարված չէ, խնդրել էինք, որպեսզի պարոն Սարգսյանը անհապաղ ազատ արձակվի: Բայց դատախազությունը անդրդվելի գտնվեց և ինչ-որ անհիմն պատճառաբանություններով մերժեց մեր միջնորդությունը»,- ասել է Էմին Խաչատրյանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ դատախազության որոշման դեմ ներկայացրած բողոքը մակագրվել է Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, դատական նիստի օր դեռևս նշանակված չէ: