23/08/2021 15:35
Հայկ Մարությանը քաղաքացիներին չի պատասխանում, սակայն հանդիպում է կառուցապատողին, միգուցե, գործարք ունի նրա հետ․ Ֆիզիկայի գիտավանի բնակիչներ
Գործում է հայտնի սխեմա՝ հանրային տարածքի զավթում՝ կոռուպցիոն և կեղծ հիմքերով, հայտարարեցին Երևանի քաղաքապետարանի մոտ այս պահին բողոքի ակցիա անող «Ֆիզիկայի գիտավանի» բնակիչները, ովքեր դեմ են Ֆիզիկայի ինստիտուտի հարևանությամբ՝ Ալիխանյան 6/1 հասցեում, կանաչ գոտու տարածքում, 12 հարկանի, ստորգետնյա ավտոկայանատեղիով բազմաբնակարան շենքի կառուցմանը։
Նրանք պահանջում են, որպեսզի քաղաքապետ Հայկ Մարությանը անձամբ գա թաղամաս, ծանոթանա տիրող իրավիճակին, պատասխանի բնակիչների հարցերին։
«Պահանջում ենք, որպեսզի քաղաքապետն անձամբ գա, խոսի քաղաքացիների հետ, պատասխան տա իր կայացրած որոշման համար», ասաց բնակիչներից մեկը։
Բնակիչների խոսքով՝ Մարությանը խուսափում է իրենց հետ հանդիպել ու պարզաբանել՝ ինչ հիմքով է շինթույլտվություն տվել կառուցապատողին։
«Փաստն այն է, որ քաղաքապետը քաղաքի ամենականաչ, գիտնականներով հարուստ, ինտելեգենտ թաղամասին չի ընդառաջում, չի պատասխանում, չի երկխոսում, սակայն հանդիպում է, երկխոսում է, միգուցե, գործարք ունի կառուցապատողի հետ, որովհետև այս դիրքորոշումը՝ 2,5 տարի շարունակ արհամարհել քաղաքացիներին, և խոսել միայն կառուցապատողի հետ, մեզ արդարացիորեն թույլ է տալիս որոշակի եզրակացություններ անել», - լրագրողների հետ զրույցում ասաց «Ֆիզիկայի գիտավանի» բնակիչ Սեդա Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին այս տարածքում բնակիչների կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանները ուժի կիրառմամբ բերման են ենթարկել, ըստ նախնական տվյալների, 9 անձի։