24/08/2021 09:55
«Հրապարակ». Իշխանության համար դժվար կլինի որևէ խնդրահարույց նախագիծ անաղմուկ «սղղացնելը»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ մշտական հանձնաժողովները սեպտեմբերի 6-ից պետք է սկսեն աշխատել, սակայն դեռևս վերջնականապես չեն ձևավորվել։ Բանն այն է, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը և՛ մասնագիտական որակներով է աչքի ընկնում, և՛ կամային, ուստի իշխանության համար դժվար կլինի որևէ խնդրահարույց նախագիծ անաղմուկ «սղղացնելը», ինչպես արվում էր նախկինում։ Դրանից բացի, հարկավոր է ֆրոնտ ուղարկել համարժեք զինվորների, որոնք ընդդիմադիրների հետ կկարողանան կռվել։
Օրինակ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ընդդիմությունը ներկայացրել է Արամ Վարդևանյանի և Աննա Մկրտչյանի թեկնածությունը, իշխանական խմբակցությունում կատակում են, որ ավարտվել են վահագնհովակիմյանական ժամանակները, եթե նախկին գործընկերներին մեծն սահմանադրագետը կարողանում էր ֆռռացնել և իշխանական նախագծերն անցկացնել, ապա հիմա վստահ չեն դրանում։ Հանձնաժողովների փոխնախագահների հարցում էլ դեռ հստակություն չկա՝ մտադիր են տնտեսականի փոխնախագահ առաջադրել Բաբկեն Թունյանին, մարդու իրավունքների հանձնաժողովում՝ Ռուստամ Բաքոյանին, ում ՔՊ-ն նախապես ընտրել էր նախագահի պաշտոնում, սակայն այն բաժին հասավ ՊՈւ-ին»։