25/08/2021 09:53
«Ժողովուրդ». Իշխանության մի քանի պատգամավոր որոշել է որևէ ձևով «չհանդուրժել» Աննա Մկրտչյանի ելույթները
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունը նպատակ ունի ամեն գնով այսօր ավարտել ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը: Ըստ թերթի տեղեկությունների՝ իշխանական թևը պետք է այնպես կազմակերպի, որպեսզի այսօր՝ մինչև օրվա ավարտ, ելույթներն ավարտվեն, ու արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես գա եզրափակիչ ելույթով:
Դրանից հետո իշխանական ֆրակցիան կկազմակերպի կառավարության ծրագրի քվեարկությունը, ու ամեն ինչ կավարտվի: Սա իշխանության ծրագիրն է, եթե, իհարկե, ամեն ինչ իրենց պլանավորածով գնա: Բանն այն է, որ խորհրդարանական ընդդիմության անելիքները, ելույթները կարող են նորից հունից հանել իշխանության պատգամավորներին, ու ամեն բան պլանավորվածից դուրս գա, ինչպես դա եղավ երեկ` «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցի ժամանակ, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե ՊՊԾ-ն Մկրտչյանին պետք է ԱԺ դահլիճից դուրս հրավիրի:
Ըստ թերթի տեղեկությունների՝ իշխանության մի քանի պատգամավոր որոշել է որևէ ձևով «չհանդուրժել» Մկրտչյանի ելույթները ու ամեն ելույթի ժամանակ ռեպլիկներ բաց թողնել, վիրավորել, որպեսզի վերջինս այլևս չհամարձակվի Նիկոլ Փաշինյանի հասցեին ինչ-որ բան ասել:
Այդ պատգամավորների գլխավոր «դերակատարը» ծովագյուղցի պատգամավոր Նարեկ Գրիգորյանն է, որը ԱԺ նիստերի ժամանակ, բացի կռիվ անելուց, ուրիշ որևէ բանով աչքի չի ընկել: Երեկ նույն կերպ Գրիգորյանը իրեն դրսևորեց Մկրտչյանի հետ միջադեպի ժամանակ, որի ձեռքերը անվտանգության աշխատակիցները ոլորեցին ու դուրս հանեցին ԱԺ դահլիճից: Կռվարարների շարքին են դասվում նաև Վաղարշակ Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը, Հրաչյա Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը։