26/08/2021 12:06
Կա այլ՝ Կապան-Աղվանի նորմալ, գրունտային ճանապարհը. Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ․ Փաշինյանը՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակելու մասին
Տեղի է ունեցել հետևյալը․ այն հատվածներում՝ 21 կիլոմետրանոց հատվածի մասին է խոսքը, որը ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս է եղել, այդ տեղերում ադրբեջանցիները եկել, փակել են՝ որպես պատճառ բերելով, թե նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել, հայկական կողմից մարդիկ են մտել և դանակահարել են ադրբեջանցի սահմանապահների, անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհահատվածը ադրբեջանցիների կողմից փակելու փաստին՝ խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պաշտոնապես ասում ենք, որ դանակահարության վերաբերյալ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում և կոչ ենք անում՝ եթե ադրբեջանական կողմն այդպիսի հիմնավորումներ ունի, որ նման բան եղել է, թող փոխանցի մեզ, որպեսզի մենք էլ հետաքննենք, հասկանանք, թե ինչ է։ Բայց այն, ինչ տեղի է ունեցել, հակասում է, ինչպես գրված է ՊՆ 2020 թվականի դեկտեմբերի 19-ի հայտարարության մեջ, պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել ՀՀ և ՌԴ միջև։ Եվ ամրագրվել է այդ պայմանավորվածությունը։ Եռակողմ հայտարարություն, ինչի պատրաստման մասին ես ասել եմ, չի ստորագրվել։ Սա է ամբողջ խնդիրը», - մանրամասնեց նա։
Փաշինյանը հայտարարեց նաև, որ Սյունիքում կա այլ ճանապարհ, և Սյունիքը Հայաստանից կտրված չէ։
«Այնտեղ կա այլ ճանապարհ՝ Կապան-Աղվանի ճանապարհը, որը մեծ տեմպերով ասֆալտապատվում է։ Նորմալ, գրունտային ճանապարհ կա։ Ես նկատի ունեմ՝ Սյունիքի մարզը, իհարկե, Հայաստանից կտրված չէ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։