26/08/2021 17:26
Տեսչական մարմինները Երևանում և Վանաձորում արձանագրել են խախտումներ
Օգոստոսի 26-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման և անվտանգության կանոնների պահպանման նպատակով շարունակվել է հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։
Տեսչական մարմինների մասնագետների և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տաքսի ավտոմեքենաներով փոխադրման համակարգում, կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում մշտադիտարկվել է 45 տրանսպորտային միջոց: Վերահսկողության արդյունքում կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ թվով 7 արձանագրություն։
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մշտադիտարկվել է շուրջ 30 տրանսպորտային միջոց։ Թվով 10 ավտոբուս երթևեկել է գերբեռնված, միկրոավտոբուսներում եղել են առանց դիմակի ուղևորներ, որոշ դեպքերում էլ ախտահանիչ նյութերի տարաները դատարկ են եղել։ Արդյունքում՝ կանգնած ուղևորներն իջեցվել են, վարորդներից մեկի նկատմամբ ոստիկանության կողմից տեղում կազմվել է արձանագրություն և նշանակվել տուգանք։
Մշտադիտարկումներին և վերահսկողությանը զուգահեռ իրականացվել են նաև բացատրական և իրազեկման աշխատանքներ։