27/08/2021 12:07
Մինչև տարեվերջ Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումը պիտի ավարտվի․ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Սյունիքի ճանապարհները փակ պահելու խնդրին
Էյվազլի և Չայզամի հատվածներում (Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատված- Aysor.am) ճանապարհի վերաբացումը (ադրբեջանցիների կողմից- Aysor.am) տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ, կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց Սյունիքի մարզի միջհամայնքային և հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման անհրաժեշտությունը, որպեսզի Սյունիքի գյուղերը կապ ունենան մարզկենտրոնի և միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհների հետ։
«Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր, և մենք այս ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ ու շարունակելու ենք աշխատել։ Միջհամայնքային և հանրապետական նշանակության ճանապարհների նորոգման, հիմնանորոգման մեր ծրագրերը՝ մասնավորապես Սյունիքի մարզում, պիտի իրականացնենք։ Մինչև տարեվերջ Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումը պիտի ավարտվի, նախանշված մյուս հատվածների ճանապարհաշինական ծրագրերը նույնպես պիտի ավարտենք՝ համայնքների անխափան կապը մարզկենտրոնի, միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հետ ավելի որակյալ դարձնելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։