27/08/2021 14:39
30 տարին ուրիշ 30 տարի էր, հիմա ուրիշ 30 է. հարևանները վիճարկում են ճանապարհի ընդամենը երկու հատված․ Սանոսյան
Հայտնի իրողություն է, որ դա մեր ճանապարհն է, մեր սուվերեն տարածքն է, այդ ճանապարհի որոշ հատվածներ՝ ընդամենը երկու հատված վիճարկելի է։ Այսինքն, դեռ պետք է քննարկվի՝ այդպե՞ս է, թե՞ ոչ, Hraparak.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ խոսելով Գորիս-Կապան միջպետական ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակ պահելու խնդրի մասին։
Նշենք, որ լրագրողի հարցը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի մասին է եղել։
Հարցին, թե այդ ճանապարհահատվածները 30 տարի շարունակ վիճարկելի՞ են եղել, Սանոսյանը պատասխանել է․ «30 տարին ուրիշ 30 տարի էր, հիմա ուրիշ 30 է։ Հարևանները վիճարկում են, դրա համար այնտեղ կան ուժեր՝ տեղակայված, որպեսզի քննարկումներից հետո պարզ դառնա»։
Դիտարկմանը, թե մենք ինչո՞ւ չենք վիճարկում ադրբեջանական տարածքում գտնվող որոշ հատվածներ, Սանոսյանը չի պատասխանել։
Հիշեցնենք, որ այսօր, կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածը փակելու խնդրին, օգտագործել էր ադրբեջանական տեղանուններ՝ ասելով․ «Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը»։