27/08/2021 19:40
ՀՀ ինքնիշխան տարածքից առանց նախապայմանների ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը կարող է համապատասխան պայմաններ ստեղծել` հնարավոր լուծումներ փնտրելու համար. Միրզոյանը՝ Թրեյսիին
Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` անդրադառնալով նաև Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցությանը:
Հայկական կողմը նշել է, որ հետևողական քայլեր են կատարվելու ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության հետագա զարգացման համար՝ հատկապես կարևորելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցությունը:
Քննարկվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող սադրիչ գործողությունների արդյունքում, ինչպես նաև Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ գործընկերների հետ անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման ուղղությամբ, որը միտված է խաղաղ գործընթացի առանցքային հարցերի, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման միջոցով ղարաբաղյան հակամարտության տևական լուծմանը:
ՀՀ ԱԳ նախարարը նաև հավելել է, որ ադրբեջանական զինված ուժերի` Հայաստանի ինքնիշխան տարածքից առանց նախապայմանների դուրսբերումը կարող է համապատասխան պայմաններ ստեղծել` առկա հարցերը քննարկելու և հնարավոր լուծումներ փնտրելու համար` շեշտելով, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը խստորեն դատապարտել է Քաբուլի օդանավակայանի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները և ցավակցություն է հայտնել զոհված քաղաքացիական անձանց ու զինվորականների ընտանիքներին: