27/08/2021 11:56
Մարտակերտում անհրաժեշտություն է առաջացել ակտիվացնել պարեկային ծառայությունը՝ պայմանավորված քաղաքում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելու փաստով
Օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը խորհրդակցություն է անցկացրել Մարտակերտ քաղաքում, որին մասնակցել են շրջանի վարչակազմի ղեկավարը և իրավապահ համակարգի շրջանային ստորաբաժանումների ղեկավարները, հայտնում են Արցախի դատախազությունից։
Խորհրդակցության ընթացքում կողմերը փոխանակել են կարծիքներ ու տեղեկություններ շրջանում և, մասնավորապես, Մարտակերտ քաղաքում բնակչությանը մտահոգող խնդիրների շուրջ, քննարկվել են իրավապահ մարմինների աշխատանքի բարելավման ուղիները, հանցավորության վիճակը։
Տարածքային կառավարման մարմնի ղեկավարն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները հավաստիացրել են, որ շրջանում վիճակը հանգիստ է, խուճապային տրամադրություններ չկան։
Նկատի ունենալով վերջին դեպքի հետ կապված՝ Մարտակերտ քաղաքի բնակչության շրջանում առկա մտահոգությունները, ընդգծվել է որոշ ժամանակով քաղաքում պարեկային ծառայությունը ակտիվացնելու անհրաժեշտությունը։