27/08/2021 09:46
«Ժողովուրդ». Փոխնախարարը «տակից» աշխատում է նախարարի դեմ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վերջին ժամանահակատվածում այնքան էլ հարթ չեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի և փոխնախարար Ժաննա Անդրեասյանի փոխհարաբերությունները: Բանն այն է, որ Անդրեասյանը նպատակ է ունեցել հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններից հետո զբաղեցնել նախարարի աթոռը:
Բայց, արի ու տես, նոր կառավարության ձևավորումից հետո էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է այդ պաշտոնում վերանշանակել Վահրամ Դումանյանին: Անդրեասանը սկզբում նախարարությունում ասել է, թե հրաժարական կտա, եթե նախարար չնշանակվի: Նախարարության թերթի աղբյուրները փոխանցում են, որ հիմա էլ Անդրեասյանը չի հանդուրժում ու ամեն գնով փորձում է ցույց տալ, որ նախարարն ինքն է, բոլոր գործերով ինքն է զբաղված, իսկ Դումանյանը դեկորատիվ կերպար է:
Ի դեպ, թերթը նշում է, որ, ըստ կառավարության աղբյուրների, տևական ժամանակ գործադիրի աշխատակազմի նախկին ղեկավարներ Արսեն Թորոսյանն ու Էդուարդ Աղաջանյանը աշխատում էին, որ Դումանյանը այդ պաշտոնը կրկին չզբաղեցներ, բայց ապարդյուն:
Անդրեասյանն էլ, տեսնելով, որ այդ պայքարում միայնակ է մնացել, հույսը դրել է իր վրա ու հիմա էլ «տակից» է աշխատում Դումանյանի դեմ։