27/08/2021 17:45
Դեօկուպացիայի խնդիրը ամեն կերպ պիտի բարձրաձայնվի Հայաստանի խորհրդարանի բոլոր պատվիրակությունների կողմից․ Հայկ Մամիջանյան
44-օրյա պատերազմի ժամանակ մեր երկիրն, իմ խորին համոզմամբ, այդպես էլ չստացավ այն միջազգային աջակցությունը, առաջին հերթին՝ խորհրդարանական դիվանագիտության խողովակներով, որի հնարավորությունները կային, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին հանդես գալով ծրագրային ելույթով։
Նա կարևոր համարեց խորհրդարանական դիվանագիտական խողովակների միջոցով բոլոր հնարավոր հարթակներում ու կառույցներում պատերազմի ժամանակ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների և մյուս բոլոր վայրագությունների մասին բարձրաձայնելը։
Մամիջանյանը նույն կարևորությամբ մոտեցավ նաև Արցախի դեօկուպացիայի խնդիրը բարձրաձայնելուն՝ նշելով, որ այս հարցում գործադիր մարմինն ունի կաշկանդվածություն։
«Գործադիրը որոշակի կաշկանդվածություն ունի այս պարագայում, բայց խորհրդարանական դիվանագիտությունը միշտ շատ ավելի ճկուն է ու ավելի շատ հնարավորություններ է ընձեռում, և խորհրդարանականները միշտ շատ ավելի ազատ կարող են լինել իրենց պահանջների մեջ։ Այնպես որ, մի ընկալեք սա որպես ռևանշիզմ, բայց դեօկուպացիայի խնդիրը ամեն կերպ պիտի բարձրաձայնվի մեր խորհրդարանի բոլոր պատվիրակությունների կողմից», - ասաց Հայկ Մամիջանյանը։