27/08/2021 14:47
ՀՀ ինքնիշխան տարածքում թուրքը ճանապարհ է փակել, իսկ կապիտուլյանտ իշխանության պարագլուխը շարունակում է «խաղաղություն» գոռալ. Շարմազանով
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիների կողմից ճանապարհ փակելու խնդրին ու դրան իշխանությունների ոչ համարժեք արձագանքին։
«Կարծում եմ, շուտով կապիտուլյանտների թիմը «լուրջ դեմքով» կհայտարարի, որ Սյունիքում նման խայտառակ իրավիճակի եւ ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի փակման մեղավորը իրենք չեն, այլ Մխիթար Սպարապետն ու Գարեգին Նժդեհն են։
Դե, սրանց մոտ ավանդույթ է դարձել իրենց հողատու քայլերի մեջ մեղադրել հայրենիքն ազատագրողներին։
Իսկ իրականում Հայաստանում իրավիճակը ողբերգական է։
2018-ի հակապետական «հեղափոխությունից» առաջ, նույնիսկ ամենավատ երազում չէիր կարող պատկերացնել,որ ՀՀ ինքնիշխան տարածքում թուրքը ճանապարհ կարող է փակել։
Իսկ կապիտուլյանտ իշխանության պարագլուխը շարունակում է «խաղաղություն» գոռալով՝ ոչնչացնել Հայաստանի ինքնիշխանությունը։
Հ.Գ. ԱԺ-ն «օկուպացնող» ՔՊ «մարտական զորախումբը» ինչո՞ւ չեք ուղարկում բացելու Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Սրանք ընդդիմության հետ պատերազմում են, բայց ադրբեջանցու հետ «խաղաղություն» մուրում», - գրել է Էդուարդ Շարմազանովը։