27/08/2021 13:00
Իրանական բեռնատարների համար Սյունիքի շրջանցող ճանապարհը հարմար չէ, բայց այդ ճանապարհը կա․ Քերոբյան
ՀՀ սահմանն սկսվում է Մեղրիից, և իրանական մեքենաները, Հայաստան մտնելու հետ կապված, պրոբլեմ չունեն։ Ունեն պրոբլեմ՝ Երևան հասնելու հետ կապված, ադրբեջանցիների կողմից Սյունիքի ճանապարհները փակ պահելու խնդրին ու դրա տնտեսական հետևանքներին անդրադառնալով՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հայաստան մտնելու հետ պրոբլեմ չունեցող, բայց Հայաստանի տարածքում տեղաշարժվելու պրոբլեմ ունեցող խոշոր բեռնատարների հետ կապված հարցը, ըստ Քերոբյանի, լուծվում է շրջանցող ճանապարհի միջոցով, բայց այդ ճանապարհն էլ հարմարեցված չէ բեռնատարների համար։
«Այդ խնդիրը այս պահին լուծվում է շրջանցող ճանապարհի միջոցով։ Իհարկե, այդ ճանապարհը հարմարեցված չէ խոշոր բեռնատարների անցման համար, բայց միևնույն է, այդ ճանապարհն այսօր աշխատում է, և այդ ճանապարհով բեռներն անցնում են», - ասաց նա։
ՀՀ ինքնիշխան տարածքում հակառակորդի կողմից ճանապարհի փակման խնդրի լուծման մասին հարցին ի պատասխան՝ Քերոբյանը վստահեցրեց, որ լիովին կիսում է բոլորի անհանգստությունը։
«Ես լիովին կիսում եմ ձեր անհանգստությունը, և մեր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ժամ առաջ, րոպե առաջ այդ ճանապարհը վերաբացվի։ Ինչքանով տեղյակ եմ, հենց հիմա ինտենսիվ եռակողմ բանակցություններ են գնում», - ասաց նա ու հորդորեց փակել թեման։