30/08/2021 18:04
Սովորենք ՀՀ բոլոր մարզերի, հատկապես Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի, Տավուշի գրունտային ճանապարհնե՞րը․ Արթուր Վանեցյան
Ես դեմ եմ ռազմական գործողություններին, ես դեմ եմ պատերազմին, ես պաշտպանում եմ խաղաղության օրակագը, բայց խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ՝ ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի և Արցախի շահերը հաշվի առնելով, լրագրողների հետ զրույցում արձագանքելով տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան բացելու» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ զարհուրելի էր խորհրդարանում Փաշինյանի պատասխանը Գորիս-Կապան միջպետական ճանապարհը փակելու մասին իր հարցին, երբ նա ասաց, որ Սյունիքը Հայաստանից կտրված չէ, քանի որ կա այլընտրանքային գրունտային ճանապարհ։
«Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին եք խոսում։ Ես ասում եմ՝ Սյունիք տանող հիմնական ճանապարհը փակ է, ինձ ոչ թե ասում են՝ ինչ պետք է անեն, ինչու է այդպես, այլ ասում են՝ դու չես հասկանում, այլընտրանքային գրունտային ճանապարհ կա։ Այսինքն, հիմա մենք սովորենք ՀՀ բոլոր մարզերի, հատկապես Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի, Տավուշի գրունտային ճանապարհնե՞րը։ Պետք է սթափվել», - ասաց Արթուր Վանեցյանը։
Նա տարակուսանք հայտնեց նաև Պաշտպանության նախարարի հայտնի հրամանի առնչությամբ։
«Էժան PR են անում, Պաշտպանության նախարարն ասում է՝ հրամայել եմ ՀՀ ինքնիշխան տարածք 1 սմ մուտք գործելու պարագայում ուժ կիրառել ու ոչնչացնել թշնամուն։ Տրամաբանական հարց է առաջանում՝ ե՞րբ էր այդ հրամանը չեղարկվել, որ հիմա էլ նոր հրաման եք տալիս։ Զինվորականի գործը սահմանը պաշտպանելն է և սահմանը խախտողներին ոչնչացնելը։ Չի՛ կարելի մարդկանց մոլորեցնել և էժանագին PR-ով զբաղվել», - շեշտեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։