31/08/2021 17:45
Ադրբեջանին կոչ ենք անում ազատ արձակել գերիներին՝ առանց որևէ նախապայմանի. Լավրով
Նոյեմբերի 9-ի հայտարարությունում խոսքը այն ռազմագերիների մասին էր, որոնք այդ պահի դրությամբ էին Ադրբեջանում պահվում, իսկ այժմ այնտեղ անազատության մեջ է հայ զինծառայողների խումբը, որն Ադրբեջանում է հայտնվել նոյեմբերի վերջին, եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո, երբ արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերվել թշնամական ցանկացած գործողություն դադարեցնելու մասին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով ամրագրված՝ գերիների վերադարձի պահանջը, ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովի խոսքով՝ ՌԴ նախագահը Ադրբեջանի ղեկավարության, Իլհամ Ալիևի հետ շփումներում, ինչպես նաև իրենք՝ այլ մակարդակի շփումներում, ադրբեջանական կողմին կոչ անում են ազատ արձակել բոլոր գերիներին՝ առանց որևէ պայմանի.
«Դա կարող է փոխվստահության ազդակ կամ մարդասիրական կարևոր քայլ համարվել», - ասաց Լավրովը՝ ընդգծելով, որ չնայած այդ հանգամանքներին՝ վերջնական որոշումն իրենցից կախված չէ ։
Որպես փոխվստահությանն օժանդակող քայլ՝ ՌԴ ԱԳ նախարարը մատնանշեց հայկական կողմից ականապատ դաշտերի քարտեզներն ադրբեջանական կողմին փոխանցելը։
«Հարևանին ուղղված բարի կամքի նմանատիպ դրսևորումների կարիքն զգացվում է․ հարևանին, որի հետ, միևնույն է, ստիպված ես ապրել նույն հողի վրա ապրել և շնչել նույն օդը», - ասել է Լավրովը։