31/08/2021 14:27
Իշխանությունը լիակատար աջակցում է մաեստրո Դուրգարյանին․ Փոխնախարարը ներկայացրել է Օպերայի և բալետի թատրոնի տնօրենի ժ/պ, դիրիժոր Կարեն Դուրգարյանին
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանին:
Արա Խզմալյանն ասել է, որ տնօրենի պաշտոնում Կոնստանտին Օրբելյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն համագործակցության եզրերը սպառված չեն, այն կշարունակվի օպերային թատրոնում մաեստրոյի մասնագիտական և գործնական ներուժի կիրառմամբ։
«Կարեն Դուրգարյանն այս ամիսների ընթացքում կպաշտոնավարի որպես տնօրենի պաշտոնակատար: Առաջիկա ամիսների ընթացքում կձևակերպվեն բոլոր խնդիրները, առաջնահերթություններն ու քայլերի հաջորդականությունը: Անհրաժեշտ է ճիշտ գնահատել մասնագիտական ներուժը և խաղացանկային քաղաքականությունը՝ ըստ այդ ներուժի: Պետք է ունենալ այնպիսի նպատակային խաղացանկային քաղաքականություն, որը կնպաստի միջազգային համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև հստակ խնդիր է դրված նորանշանակ պաշտոնակատարի առջև՝ մոբիլիզացնել ոչ միայն օպերային թատրոնի ներսում առկա ստեղծագործական, այլև թատրոնից դուրս գտնվող ներուժը: Մենք ունենք վաստակաշատ անուններ, որոնց փորձը, գիտելիքն ու իմացությունն անպայման պետք է կիրառելի լինեն օպերային արվեստի առաջխաղացման գործում:
Պետք է ընդգծեմ, որ բավականին խիստ են մեր պահանջները պաշտոնակատարի հանդեպ, միևնույն ժամանակ գործադիր իշխանությունը լիարժեք և լիակատար աջակցություն է ցուցաբերելու մաեստրո Դուրգարյանին և թատրոնի կոլեկտիվին: Մենք աշխատելու ենք շատ սերտ, և քննարկվելու են բոլոր կարևոր խնդիրները», - նշել է Արա Խզմալյանը։