02/09/2021 16:10
Արդարադատություն իրականացնող մարմինը, ըստ վարչապետի խոսքի, պարտավոր է հաշվի նստել ժողովրդի կամքի հետ․ Առուշ Առուշանյանի փաստաբանը՝ Գորիսի բնակիչների կամքի մասին
Ինքս Գորիսից եմ, թշնամին 3 կողմից հասել է Գորիս։ Փաստն է, որ ունենք սահմանագիծ Գորիսում, և ստեղծված պայմաններում համայնքապետերի, քաղաքապետերի, փոխքաղաքապետերի նկատմամբ քրեական գործեր հարուցելը, ձերբակալելը, խաթարելով բարդ վիճակում գտնվող մարզի, համայնքների կազմակերպչական աշխատանքները, լրացուցիչ ռիսկեր է պարունակում։ Վերջիվերջո, համայնքապետերն են պատասխանատու դրա համար, և համայնքապետերը ընտրովի մարմին են, ոչ թե նշանակովի, այսօր հրավիրված ասուլիսում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին աջակցող հասարակական նախաձեռնության համակարգող Զաքար Խոջաբաղյանը։
Նա տեղեկացրեց, որ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով Գորիսում անցկացված ստորագրահավաքին մոտ 9 400 մարդ է միացել՝ չհաշված քաղաքում բնակություն հաստատված տեղահանված արցախցիներին, որոնք նույնպես պահանջում են ազատ արձակել Առուշանյանին։
«Սա ցույց է տալիս, որ հասարակությունը սիրում է համայնքապետին», - ասաց Խոջաբաղյանը։
Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը, որը նույնպես ներկա էր ասուլիսին, հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ արդարադատություն իրականացնող մարմինները պետք է հաշվի առնեն ժողովրդի կարծիքը։
«Հաշված օրեր առաջ Փաշինյանն ԱԺ-ում ասաց, որ ՀՀ-ում գործադիր իշխանությունը արդարադատություն իրականացնող մարմինների աշխատանքին չի միջամտել ու չի միջամտելու։ Ողջունելի է, բայց Նիկոլ Փաշինյանը արտահայտեց նաև հետևյալ միտքը, որ արդարադատություն իրականացնող մարինները պարտավոր են հաշվի առնել ժողովրդի կարծիքը։ Այս խոսքերի ամենամեծ փորձությունը լինելու է առաջիկա դատական նիստի ժամանակ, քանի որ առաջիկայում Գորիսի դատարանը պիտի քննի Առուշ Առուշանյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցը։ Գործի ստվար հատորում ամփոփված է ժողովրդի կամքը (ստորագրահավաքի արդյունքները-խմբ․), և այդ նույն արդարադատություն իրականացնող մարմինը, համաձայն վարչապետի խոսքերի, պարզապես պարտավոր է հաշվի նստել այդ կամքի հետ», - շեշտեց փաստաբանը։