02/09/2021 13:06
Քովիդ-կենտրոններն ապահովված են թթվածնային կայաններով և անհրաժեշտ այլ սարքավորումներով, բայց մենք չենք կարող «պրոյեկցել», թե հետագայում ինչ կկատարվի․ Առողջապահության նախարար
Կորոնավիրուսային իրավիճակը մտահոգիչ է վերջին 2-3 շաբաթների ընթացքում, և խստացումները բխում են դրանից, կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա հայտնեց, որ կորոնավիրուսով ավելի հաճախ սկսել են վարակվել նաև երիտասարդները։ Պատճառը «դելտա շտամի» արագ տարածումն է։
«Նկատում ենք հիվանդության երիտասարդացում, ծանրի դեպքերի ավելացում, հիվանդությունը ավելի արագ է ծանր ընթացք ստանում, վերակենդանացման բաժանմունքները շատ ավելի զբաղված են, քաղաքացիներն ավելի երկար են զբաղեցնում մահճակալ», - ասաց Ավանեսյանը։
Առողջապահության նախարարը զգոնության կոչ ուղղեց քաղաքացիներին։
«Տրանսպորտում, սուպերմարկետներում, որոշ աշխատավայրերում լավ չեն հետևում կանոններին», - նշեց նա։
Ավանեսյանը վստահեցրեց, որ բոլոր Քովիդ-կենտրոններն ապահովված են թթվածնային կայաններով և անհրաժեշտ այլ սարքավորումներով, բայց իրենք չեն կարող երաշխավորել, թե հետագայում ինչ կկատարվի։