02/09/2021 09:32
«Ժողովուրդ». Նախարարը բարձրացնում է իր ընկերության ծառայության գները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հիմնադրած menu.am ընկերությունը ևս 400 դրամով թանկացնում է առաքման ծառայությունը։ Որպես հիմնավորում՝ նշվում է գերբեռնվածությունը։ Նկատենք՝ տաքսի ծառայությունների թանկացումը ևս կապվում էր գերբեռնվածության հետ։ Այսինքն՝ այս պատճառաբանությամբ կարող է թանկանալ ամեն ինչ։
Ուշագրավ է, որ այսպես է վարվում հենց ՀՀ էկոնոմիկայի նախարարի հիմնադրած ընկերությունը: Ընդ որում՝ նա, մի կողմից, խոսում է երկրի տնտեսական աճի, տնտեսության հիանալի վիճակի մասին, սակայն, մյուս կողմից, թանկացնում է ծառայությունը՝ անհեթեթ պատճառաբանությամբ:
Նկատենք, որ սննդի առաքմամբ զբաղվող այս ընկերության պարագայում առաքման ծառայության արժեքները տատանվում են, և երբեմն ծառայությունը կարող էր արժենալ անգամ 1000 դրամ, իսկ այժմ այն ավելանում է ևս 400 դրամով։ Ստացվում է` քաղաքացիների կյանքը թեթևացնելու փոխարեն՝ անձնական բիզնեսի օրինակով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարվածում է մարդկանց գրպանին»։