02/09/2021 09:42
Անդառնալի են մարդկային կորուստները. մենք պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել, կերտել Արցախի Հանրապետությունը. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Արցախի օրվա առթիվ։
«Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում: Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում գումարված ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Պետականաշինության ճանապարհին մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել:
Խոնարհվում եմ հանուն հայրենիքի ընկած նահատակների հիշատակի առջև: Անդառնալի են մարդկային կորուստները, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող: Մենք պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում, կերտել Արցախի Հանրապետությունը՝ առաջնորդվելով մեր ազգային արժեքներով և միջազգայնորեն ամրագրված իրավունքներով:
Շնորհավո՜ր Արցախի Հանրապետության օրը», - նշված է ուղերձում։