02/09/2021 11:19
Կորոնավիրուսով վարակված 18 տարեկան երիտասարդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. նախարար
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ առողջապահությն նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի հետևանքով երեկ Հայաստանում գրանցվել է 19 մահ:
«Ցավոք սրտի, դելտա շտամը աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիության աստիճանով, բացի դրանից, հիվանդության ընթացքն ավելի ծանր է, պետք է ասեմ, որ նկատում ենք երիտասարդության հիվանդացում», - ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ կան վարակված 20-28 տարեկան երիտասարներ, որոնցից մեկը մահացել է:
«Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ուստի, սա մեզ իսկապես ահազանգ է, որ բոլորս պատկերացնենք առաջիկայում մեր վարքագիծը, ամեն մեկը, իր հանրային պատասխանատվության մասը կրելով, նպաստի, որ բնակչության առողջությունն ու կյանքը պաշտպանենք», - ասաց Ավանեսյանը:
Նա նշեց, թե այս պահին կա ծավալված մոտ 1600 մահճակալ, որոնցից 1400-ը զբաղված է:
«Ծանր վիճակում է գտնվում 650 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի: Արհեստական շնչառության ապարատին միացված է 51 քաղաքացի», - ասաց նախարարը:
Անահիտ Ավանեսյանը նշեց, թե այս պահին Հայաստանում պատվաստվել է 293 հազար 955 քաղաքացի:
«Նկատում ենք շատ մեծ հոսք, ինչը ողջունելի է», - ասաց Առողջապահության նախարարը: