03/09/2021 13:59
Ադրբեջանական ԶՈՒ-ի կրակոցից Երասխում զոհված կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում։
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։