04/09/2021 14:03
Հայաստանում ամրագրված բռնատիրական ռեժիմը, հետապնդելով մտավորական, բժիշկ Արմեն Չարչյանին, ազդակ է ուղարկում ընդդիմանալ փորձող մյուս մտավորականներին․ Շարմազանով
Պրոֆեսոր Չարչյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը անմարդկային, բարբարոսական, անբարոյական, հակահումանիստական հետապնդում է։ Չարչյանը մարդ է, ով արցախյան առաջին պատերազմից սկսած, մինչև վերջին պատերազմը, զինվորների, սպաների, քաղաքացիների կյանքեր է փրկել։ Նրան հետապնդում են միայն այն բանի համար, որ ազգային ու քաղաքացիական ճիշտ դիրքորոշում է դրսևորել, Հ2 հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ Շարմազանովի, հետապնդելով Արմեն Չարչյանին՝ իշխանությունը ազդակ է ուղարկում ընդդիմադիր հայացքներ ունեցող մյուս բոլոր մտավորականներին։
«Հետապնդելով, բանտարկելով մտավորական, բժիշկ Արմեն Չարչյանին՝ այս իշխանությունը փորձում է վատ ազդակ ուղարկել բոլոր այն մտավորականներին, ովքեր կփորձեն ընդդիմանալ իրեն», - ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը։
Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում ոչ թե իշխանություն է ձևավորվել՝ իր դասական իմաստով, այլ հաստատվել է բռնատիրական ռեժիմ։
«Հունիսի 20–ին Հայաստանում ամրագրվեց հակապետական, հակաազգային, կապիտուլյանտ ռեժիմի գոյությունը», - ասել է Էդուարդ Շարմազանովը։