06/09/2021 15:16
Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը վիճարկելու մասին ընդդիմադիրների դիմումը Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված դիմումը՝ ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ որոշման սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ։
ՍԴ աշխատակարգային որոշման համաձայն՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 1-ին մասի՝ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ ՀՀ Ազգային ժողովի 2021թ օգոստոսի 2-ին ԱԺՈ-01-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունվել է քննության։
Գործը կքննվի 2022թ հունվարի 25-ին՝ ժամը 11.00-ին՝ գրավոր ընթացակարգով։
Զեկուցող դատավոր է նշանակվել Երվանդ Խունդկարյանը։ Որպես պատասխանող կողմ է ներգրավվել ԱԺ-ն։
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, թե ԱԺ նախագահի ընտրությունը համարում են ապօրինի ու դիմելու են Սահմանադրական դատարան։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարել էր, որ իրենք նույնպես ՍԴ-ում վիճարկելու են ԱԺ նախագահի ընտրության գործընթացը։