06/09/2021 19:15
Չեմ կարծում, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ ՀՀ անվտանգային խնդիրներները կսրվեն. քաղաքագետ
Հարկ է նկատել, որ հայ-թուրքական սահմանը բացելու համար Թուրքիան կրկին նախապայմաններ է առաջադրում Հայաստանին։ Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին հայտարարություններն ակնհայտորեն խոսում են դրա մասին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար։
«Սահմանի բացման թեմայով Էրդողանի վերջին ելույթում գրեթե բոլոր նախադասություները սկսվում էին «եթե» բառով, Հայաստանից անընդհատ ինչ-որ գործողություններ են սպասում, ինչն ընդհանրապես ընդունելի չէ։ Ամեն դեպքում, եթե որոշակի համաձայնություն լինի, և հայ-թուրքական սահմանը բացվի, կարծում եմ՝ Հայաստանի համար տնտեսական որոշակի հնարավորություններ ի հայտ կգան։ Իհարկե, կան տեսակետներ, որ թուրքական ապրանքները կողողեն հայկական շուկան, այնուամենայնիվ, մաքսային կարգավորումների միջոցով հնարավոր է այդ հարցը կառավարել։ Չեմ կարծում, որ սա մեծ խնդիր կարող է լինել։ Ես միշտ նշել և հիմա էլ նշում եմ, որ որքան էլ Թուրքիան թշնամի պետություն է, այնուամենայնիվ անհրաժեշտ է նույնիսկ այդ թշնամի պետության հետ որոշակի հարցերում որոշակի համաձայնություններ ձեռք բերել», - ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։
Հարցին՝ արդյոք հայ-թուրքական սահմանի բացմամբ Հայաստանը չի կանգնի անվտանգային լուրջ խնդիրների առջև, քաղաքագետը բացասական պատասխան հնչեցրեց։
«Չեմ կարծում, որ սահմանի բացմամբ անվտանգային խնդիրներները կսրվեն։ Հակառակը, կարծում եմ, որ եթե սահմանը բացվի, և հնարավոր լինի կառավարել թուրքական ապրանքաշրջանառությունը, կառավարելի կդառնան նաև անվտանգային խնդիրները։ Մենք պետք է հասկանանք, որ Թուրքիան անմիջականորեն գործողություն չի իրականացնում Հայաստանի նկատմամբ՝ չհաշված Ադրբեջանի միջոցով փորձերը։ Սահմանի բացումը ֆիզիկական սպառնալիքի առումով իրավիճակն ավելի չի վատացնում», - նշեց Ռոբերտ Ղևոնդյանը։