06/09/2021 18:46
Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը` իր նոր ռազմավարության իրականացման գործում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատին:
Մհեր Գրիգորյանը ՀԲ պաշտոնյաներին ներկայացրել է Կառավարության նոր ծրագրով հաստատված հիմնական նպատակները՝ կարևորելով հատկապես նախանշված բարեփոխումները մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների զարգացման ու տնտեսության ոլորտներում: Մհեր Գրիգորյանը տնտեսության զարգացման տեսանկյունից ընդգծել է կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ իրականացվելիք քայլերը:
Կարոլին Գեգինատը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել կառավարությանը` իր նոր ռազմավարության իրականացման գործում` Հայաստանին բերելով համաշխարհային լավագույն փորձը և գիտելիքը:
Զրուցակիցները հանդիպման ընթացքում անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերին և համագործակցության զարգացման հեռանկարներին: Հանրային առողջության պահպանման, համավարակին հակազդման, ինչպես նաև տնտեսության զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորվել է պատվաստման գործընթացի իրականացումն ու ակտիվացումը:
Փոխվարչապետի առաջարկությամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ընդլայնված կազմով քննարկում՝ հստակեցնելու համար հետագա անելիքները: