06/09/2021 12:46
Ստեղծվում են նոր հնարավորութուններ Հայաստանում էլեկտրամոբիլների թվաքանակի ավելացման համար. նախարար
Ստեղծվում են նոր հնարավորութուններ Հայաստանում էլեկտրամոբիլների թվաքանակի ավելացման համար, ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Ֆեյսբուքի իր էջում նա գրել է, որ շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու և արտանետվող գազերի քանակը կրճատելու համար Հայաստանը փորձում է զարգացնել էլեկտրամոբիլների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու հարմարեցնել օրենսդրությունը՝ էկոմոբիլ գնելու գայթակղությունն էլ ավելի մեծացնելու համար։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված և Ազգային ժողովի կողմից ընդունված՝ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում կատարված լրացումների շնորհիվ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ԱԱՀ-ից ազատվել են բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող բոլոր տրանսպորտային միջոցների ներմուծումը և իրացումը։
Արդյունքում՝ 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ տարածք ներմուծված բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան շեշտակի ավելացել է:
2019-ին ներկրվել է 668 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, 2020-ին՝ 2155, իսկ 2021-ի առաջին կիսամյակում՝ 2468։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել բացառապես էլեկտրական շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների ներկրման համար նախատեսված արտոնության ժամկետը երկարացնելու մասին նախագիծը։