06/09/2021 10:49
«Բոլոր ստերի հետևից գնալու ենք». Սերժ Սարգսյանի փաստաբանը հայց է ներկայացրել ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի (Տեսանյութ)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը դատարան հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։
Նա նշեց՝ դիմումը մուտքագրվելու է դատարան Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով։
Ամրամ Մակինյանն ասաց, թե պահանջում են, որ Խաչատուր Սուքիասյանը Ազգային ժողովի ամբիոնից հերքի տեղեկությունները։
«Այս իշխանությունները գեներացրել են շատ մեծ քանակությամբ սուտ, այդ ստի արդյունքում կարողացել են հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների։ Ես հայտարարում եմ, որ այսուհետ բոլոր ստերի հետևից մենք գնալու ենք ու այս իշխանություններն այլևս հնարավորություն չեն ունենալու օգտվել մեր բարի կամքից ու համբերատարությունից», - ասաց ՀՀ երրորդ նախագահի փաստաբանը։
Մակինյանը նշեց նաև, որ պահանջ են ներկայացրել Խաչատուր Սուքիասյանից, որպես վնասի փոխհատուցում, մեկ միլիոն դրամ, որը պետք է ամբողջությամբ վճարվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է»։